«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ սկսվել է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունման գործընթացը։
Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ներկայացնեն համառոտ տեղեկանք՝ հաստատելով, որ առողջության ապահովագրության շուկայում առնվազն 5 տարվա փորձ ունեն։
Հայտով պահանջվում է նաև գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական նեղ մասնագիտական բժշկական որակավորում ունեցող բժիշկ-փորձագետ աշխատակիցների քանակի մասին տեղեկանք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին: Փետրվարի 11–ին հայտնի դարձավ, որ կոմբինատի աշխատակիցները, որոնք գործադուլ էին հայտարարել, որոշել են վերադառնալ աշխատանքի։ Կոմբինատն ընդառաջ քայլ է արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, երաշխավորելով՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրվեն: