Փետրվարի լույս 18–ի գիշերն անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազային։ Այդ մասին հայտնել են տեղական Sabereen News Telegram-ալիքը և OSINT-վերլուծաբան SyrianOSINT-ը։
Ռուս ռազմական բլոգեր Օլեգ Բլոխինը հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորումն է, որի առաջնորդը եկել է իշխանության Սիրիայում, գրում է The insider-ը։
Z-բլոգերը մանրամասնել է, որ ավիաբազայում տագնապ է հայտարարվել տեղական ժամանակով մոտ 02:30-ին (համընկնում է մոսկովյան ժամանակի հետ)։
«Այն նշանակվել էր որպես „ցամաքային թշնամու հարձակում»։ Անմիջապես գործի է անցել «Պանցիրը»։ Լսվում էին կրակոցներ և պայթյուններ։ Մոտ 03:30-ին հրաձգության ինտենսիվությունը նվազել էր, թեև այն դեռ շարունակվում էր»,–նշել է նա։
Ռազմական թղթակիցը նշել է, որ հարձակումը իրականացրել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի զինյալները, որոնք տապալել են Բաշար Ասադի ռեժիմը և վերահսկողություն հաստատել երկրում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սիրիայում իշխանափոխությունից հետո Մոսկվան կորցրել է վերահսկողությունը իր ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուսում գտնվող ռազմածովային բազայի վրա։
Օրեր առաջ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մոսկվան և Դամասկոսը բանակցում են այս բազաների ապագայի վերաբերյալ։ Սիրիան ակնկալում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը կօգնի հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։