ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ։
Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները և համաձայնության եկել համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ, որոնք նպատակ ունեն զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և խթանել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը՝ երկու երկրների շահերից ելնելով։
Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման առումով և նշել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման ու զարգացման գործընթացը՝ ընդգծելով արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները և գալիք խոշոր նախագծերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել գիտահետազոտական աշխատանքներին, ոլորտային ստարտափների զարգացմանն ու փորձարարական մշակումներին, ինչպես նաև շարունակական համագործակցությանը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքների շրջանակում։ Այն ուղղված է տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Տիեզերական գործակալության տիեզերական քաղաքականության տնօրեն Ֆաթմա Ալշամսին և ռազմավարական համագործակցության ավագ մասնագետ Հասան Ալշեհին։