Վատիկանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, սակայն ընդգծել է, որ նա «բարձր տրամադրությամբ է»։
«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգեն նկարահանումները և նրա կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր», – ասվում է հայտարարության մեջ։
Վատիկանը մանրամասնել է, որ Պապը պայքարում է «բազմամիկրոբային վարակի դեմ, որը զարգացել է բրոնխիեկտազի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնին և պահանջել է կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների օգտագործում, ինչը բուժման գործընթացն ավելի է բարդացնում»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան, Վատիկանի բժշկական թիմի և A. Gemelli բժշկական հիմնադրամի մասնագետների ախտորոշմամբ, բացահայտել է երկկողմանի թոքաբորբի զարգացում, ինչը պահանջել է հավելյալ դեղորայքային թերապիա»։
«Այդուհանդերձ Ֆրանցիսկոս պապի տրամադրությունը բարձր է»,–ընդգծվում է հայտարարության մեջ։
Նշվել է, որ ամբողջ օրվա ընթացքում Պապն ընդունել է հաղորդությունը և հերթականությամբ հանգստացել, աղոթել և ընթերցանությամբ զբաղվել։ Նա հայտնում է իր երախտագիտությունը ստացած աջակցության համար և խնդրում շարունակել աղոթքները իր համար։