19 փետրվարի 2025 - 17:31 AMT
Հայտարարություն․ Իսրայելի իշխանությունները ցանկանում են բռնագանձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ քաղաքի հայկական թաղամասի կրոնական կառույցի դեմ «անարդարացի, նպատակային ու կործանարար հարկեր են գանձվում»։ Պատրիարքարանի X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այս զարգացումները կարող են նախադեպ ստեղծել քրիստոնեական համայնքների համար ամբողջ Երուսաղեմում։

Հայոց պատրիարքարանի ներկայացրած վարչական միջնորդության (ATM 1470-02-24) դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին, հայտնում է Factor.am-ը։

Միջնորդությունը ներկայացվել է՝ նպատակ ունենալով կասեցնել դարեր շարունակ պատրիարքարանին պատկանող անշարժ գույքի բռնագանձման գործընթացը։ Իսրայելական կողմը հիմնավորում է այդ քայլը 1994 թվականից ի վեր կուտակված արնոնայի (քաղաքային հարկ) ենթադրյալ պարտքերի հավաքագրման անհրաժեշտությամբ։

«Եթե, Աստված մի արասցե, Պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի Պատրիարքարանի անշարժ գույքը և աճուրդի կհանի, որպեսզի գանձի վիճելի պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատարանում և, գործող պրակտիկայի համաձայն, երբեք չեն հավաքագրվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ այս գործընթացը նախաձեռնել է Երուսաղեմի քաղաքապետարանի պարտքերի հավաքագրման պաշտոնյան, որը «որոշել է», որ Պատրիարքարանն ունի մեծածավալ պարտք՝ առանց հաշվի առնելու վաղեմության ժամկետը և առանց հստակ հիմքեր ներկայացնելու։ Ավելին, նշվում է, որ պարտքի զգալի մասը վերագրվում է այն գույքին, որը վարձակալությամբ տրված է հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։

Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանն իրավունք կստանա անհապաղ վերսկսելու որոշ գույքերի բռնագրավումը, ինչը կարող է վտանգավոր իրավական նախադեպ ստեղծել՝ թույլատրելով Իսրայելում քրիստոնեական հաստատությունների սեփականության օտարումը և ակտիվների հարկադիր լուծարումը։

Հայոց պատրիարքարանը հայտարարում է, որ այս իրավիճակում այն միակ քրիստոնեական համայնքն է, որն ընտրվել է նման պահանջների թիրախ։ Բացի այդ, կառույցը նշում է, որ պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը՝ վճարել վիճարկվող պարտքը, և հատկապես ունեցվածքի բռնագրավումը, կարող են խաթարել Սուրբ Երկրում նրա դարավոր գործունեությունը, որը սկիզբ է առել 7-րդ դարից։

«Սա քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ առանձնացնելով այն տնտեսական ճնշումներով, որպեսզի նվազեցնի նրա ներկայությունը Սուրբ Երկրում։ Այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Սուրբ Երկրում քրիստոնեական ընդհանուր ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում ներկայում գործող բոլոր քրիստոնեական հաստատությունների գործունեության վրա։ Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և Կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ իրականացվող բոլոր գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։