«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նամակներ է հղել ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային հանրությանը հասցեագրված հայտարարության վերաբերյալ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ այս ուղերձը հնչեցվել է Վարդանյանի՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում և միտված է կեղծ «դատավարության» դեմ բողոքի արտահայտմանը։
«Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»,–ասվում է գրառման մեջ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։