ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է շնորհակալ լինի ԱՄՆ–ին աջակցության համար, այլ ոչ թե հրապարակայնորեն դժգոհություն հայտնի։
Վենսի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի առատաձեռնության, ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ Ուկրաինան չէին գոյատևի։
«Զելենսկին պետք է շնորհակալ լինի, ոչ թե վիրավորի մեզ՝ առանց ԱՄՆ–ի առատաձեռնության ինքն էլ, Ուկրաինան էլ գոյություն չէին ունենա»,–ասել է նա ԱՄՆ-ի մայրաքաղաքում ընթացող CPAC պահպանողական համաժողովի շրջանակներում, գրում է Fakti.bg-ն։
Ավելի վաղ Թրամփը հրապարակայնորեն քննադատել էր Զելենսկուն Վաշինգտոնի վերաբերյալ նրա հայտարարությունների համար՝ անվանելով նրան «ընտրությունների բացակայությամբ բռնապետ» և ընդգծելով, որ առանց ԱՄՆ-ի Ուկրաինան չէր կարողանա խաղաղ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Նա նաև մեղադրել էր Կիևին՝ ամերիկյան էական օգնության «անհետացման» համար։
Վենսը նշել է, որ Զելենսկու հրապարակային քննադատությունները Թրամփի դիրքորոշումը չեն փոխի և խորհուրդ է տվել Ուկրաինայի ղեկավարին ուղիղ երկխոսություն վարել Սպիտակ տան հետ։
Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին նշել է, որ բաց է Ուկրաինայում ընտրությունների հարցը քննարկելու համար, սակայն քաղաքացիները մտահոգված են, որ ռազմական դրության չեղարկումը կարող է թուլացնել երկրի պաշտպանունակությունը։