21 փետրվարի 2025 - 17:46 AMT
Վատիկանը չի բացառում Հռոմի պապի հրաժարականը

Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե նրա առողջական վիճակը խոչընդոտի պարտականությունների կատարմանը։

«Եթե նրա համար լուրջ դժվարություններ առաջանան պարտականությունների կատարման հարցում, նա կկայացնի իր ընտրությունը։ Իհարկե, որոշումը միայն իրենն է, հնարավոր է, որ նա խորհուրդ հարցնի, սակայն վերջնական խոսքը կասի ինքնուրույն՝ խղճի մտոք», – ասել է Ռավազին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանցիսկոսը կարո՞ղ է հրաժարվել գահից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 14-ին, ընդունելությունից հետո, 88-ամյա քահանայապետը տեղափոխվել է Հռոմի Gemelli կլինիկա, որտեղ ենթարկվել է հետազոտության և շարունակել բրոնխիտի բուժումը ստացիոնար պայմաններում։ Այդ պատճառով նրա մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբի սկզբնական փուլ։