25 փետրվարի 2025 - 10:32 AMT
Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ խոսել է հայ գերիների առողջական վիճակի և հնարավոր ճնշումների մասին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ՝ քննարկվել են Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության, հումանիտար բնույթի տարբեր խնդիրների։

Արարատ Միրզոյանը մասնավորապես բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը՝ ընդգծելով ընթացող կեղծ դատավարությունների փաստը։

Նա մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի և հնարավոր ճնշումների վերաբերյալ։

Քննարկվել են նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Միրզոյանը կարևորել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացման հարցում՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների համար այս հարցի զգայուն բնույթը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հումանիտար հարցերի լուծումը կարող է դառնալ էական գործոն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Նա ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներում երկու կողմերի քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։