Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի շինծու գործով դատավարությունը Բաքվի զինդատարանում շարունակվել է փետրվարի 25–ին, վատ է զգացել նիստի ժամանակ՝ հայտարարած հացադուլի պատճառով։
Դատավորը հայտարարել է ընդմիջում բժշկական զննության համար, որից հետո նիստը շարունակվել է, գրում է Caliber.az-ը։
Դատական նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը միջնորդություն են ներկայացրել՝ բացարկ հայտնելով դատական կազմին։ Միջնորդությունը մերժվել է։
Ընդմիջումից հետո գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը առաջարկել է սահմանել ապացույցների հետազոտման հերթականությունը։ Պաշտպանական կողմը որևէ առաջարկ չի արել։
Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է ազատ ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։ Պետական մեղադրողները հարցեր են ուղղել Վարդանյանին՝ կապված առաջադրված մեղադրանքների հետ։
Նա չի պատասխանել որևէ հարցի։
Հաջորդ նիստը նշանակված է մարտի 4-ին։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:
2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։
Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։