Հայաստանում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը ներառյալ։ Կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։
Կառավարությունը որոշման նախագիծը կքննարկի փետրվարի 27–ի նիստում։
«2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– ասվում է որոշման նախագծում։
Կզորակոչվեն նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները։
Հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է զորացրել շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին։