26 փետրվարի 2025 - 18:48 AMT
Քննարկվել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման հարցը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ապահովման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստն անցկացվել է՝ ներառելով նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման և ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ հանձնառությունների ու աշխատանքների համակարգող խմբերի համատեղ քննարկումը։

Նիստին ներկա են եղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել ԵՄ-ի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման գործընթացին, ինչպես նաև այդ ծրագրին առնչվող իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցերին։ Հիմնական թեմաներից մեկը եղել է նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը։

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀԸԳՀ-ի կիրարկման ընթացքը՝ հատուկ ընդգծելով Կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ համաձայնագրի արդյունավետությունը բարձրացնելու և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունները զարգացնելու նպատակով ներդրված նոր մեխանիզմների համատեքստում։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։

Նիստի ավարտին փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։

Մհեր Գրիգորյանը, ընդգծելով համաձայնագրի լիարժեք իրականացման կարևորությունը՝ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի առանցքային բաղադրիչ, համապատասխան հանձնարարականներ է տվել։