4 մարտի 2025 - 17:45 AMT
Հայկ Սարգսյան․ Վարչապետը կողմ է արտահայտվել շահումով խաղերի հարկային բեռի բարձրացմանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ–ում, անդրադառնալով բուքմեյքերական գործունեության նկատմամբ 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու վերաբերյալ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը։

Սարգսյանի խոսքով՝ նախագծի նախնական քննարկումների ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել հարկերի բարձրացմանը, հայտնում է Արմենպրեսը։

Սակայն հարցը երկու անգամ քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, և վերջինս աջակցել է հարկային բեռի բարձրացման գաղափարին՝ առաջարկելով, որ փոփոխությունները ուժի մեջ մտնեն ոչ թե 6 ամիս անց, ինչպես նախատեսված էր սկզբում, այլ անմիջապես օրենքի ընդունումից հետո։

«Գործադիրի և օրենսդիրի մի խումբ գործընկերներ դեմ էին այս նախագծին և գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացումը։ Մի շարք քննարկումներ ենք անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաև երկու անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նշեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո»,- ընդգծել է Սարգսյանը։

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 % շրջհարկ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավոր **Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։**Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկով, ընդունվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան մոտ 13 մլրդ դրամով: