5 մարտի 2025 - 16:29 AMT
Մաքուր և փոխարինիչներով կաթնամթերքը կվաճառվի տարբեր գույնի դարակներում

Հայաստանում առանց կաթնային յուղի փոխարինիչների կաթնամթերքը և դրանց պարունակությամբ արտադրանքն այլևս միասին չեն վաճառվի․ դրանք կտեղադրվեն տարբեր գույնի դարակներում։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Օրինագծի քննարկումը տևել է մոտ հինգ տարի, որի ընթացքում տարբեր առաջարկներ են ուսումնասիրվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ մաքուր կաթնամթերքը, որը չի պարունակում կաթնային յուղի փոխարինիչներ կամ ոչ կաթնային ծագման հավելումներ, պետք է տեղադրվի կանաչ դարակներում։

Իսկ կաթնային յուղի փոխարինիչներով արտադրանքը վաճառվելու է նարնջագույն դարակներում։

Սկզբնական տարբերակով առաջարկվում էր նաև ապրանքների փաթեթավորումն իրականացնել նույն գունային տարբերակում, սակայն դա չէր համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պահանջներին։ Քանի որ փաթեթավորման չափորոշիչները պետք է սահմանվեն ԵՏՀ մակարդակով, արտադրողներն ազատ են ընտրելու ցանկացած գույնի փաթեթավորում։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ կաթնամթերքի փոխարինիչներով արտադրողները չեն կարող իրենց արտադրանքի փաթեթի վրա օգտագործել «կաթ», «թթվասեր» և նմանատիպ անվանումներ։ Պարտադիր է կիրառել «կաթնամթերք» անվանման կարգը, սակայն այդ պահանջը գործնականում միշտ չէ, որ պահպանվել է։