Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մարտի 4-ին հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ, տեղեկացնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ժնևի միջև փոխգործակցության զարգացման ուղիները։ Երկուստեք կարևորվել է դիվանագիտական, մշակութային ու տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։
Տոլմաջյանն շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և քաղաքային իշխանություններին՝ հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրված մարդասիրական աջակցության և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար։
Զրույցի ավարտին դեսպան Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։