2024 թվականի վերջի տվյալներով 700,000 օտարերկրաց գտնվել է Ռուսաստանի տարածքում առանց օրինական հիմքերի, սակայն նրանց դեռևս հնարավորություն է տրվել օրինականացնել իրենց բնակությունը մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ելույթ ունենալով գերատեսչության ընդլայնված կոլեգիայի նիստում, որին ներկա է գտնվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ըստ մեր գնահատականների՝ տարվա վերջում (2024 - խմբ.) մոտ 700 հազար օտարերկրյա քաղաքացիներ չունեին օրինական բնակության հիմքեր։ Նրանց հնարավորություն է տրվել մինչև ապրիլի 30-ը կարգավորել իրենց կարգավիճակը։ Այդ ժամկետից հետո կկիրառվեն բոլոր իրավական մեխանիզմները, ներառյալ արտաքսումը», — նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։
Կոլոկոլցևը նաև ընդգծել է, որ անցած տարի ոստիկանությունը բացահայտել է ավելի քան 16 հազար ապօրինի զենքի շրջանառության դեպք։
«Ներկայիս պայմաններում մեծ կարևորություն ենք տալիս ապօրինի զենքի շրջանառության կանխարգելմանը։ Մենք բացահայտել ենք ավելի քան 16 հազար նման դեպք և գրեթե ութ հազար անձ», — ասել է նա։
Բացի այդ, նախարարը հայտնել է, որ ՆԳՆ-ն, անվտանգության դաշնային ծառայության և Ռոսգվարդիայի հետ համատեղ, իրականացնում է միջոցառում, որը խթանում է քաղաքացիներին հանձնել անօրինական կերպով պահվող զենքը։