Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը Բաքվից ստացված խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է «Ազատությունը»։
Հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Միրզոյանը պատասխանել է․
«Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։
Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»։
Նրա խոսքով՝ առաջիկայում կշարունակվեն քննարկումները ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման շուրջ։
«Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, մեր խաղաղության օրակարգին, խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը և ՀՀ շահերին»,- նշել է Միրզոյանը։
Հայկական կողմը խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը ստացել է փետրվարի վերջին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերի միջև դեռևս համաձայնեցված չեն երկու կետ՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ խնդրահարույց համարելով նախաբանում ներառված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի ու Հայաստանի միավորման մասին։