ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կառուցողական վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի շոշափելի հաջողությունների հասնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընթացող բանակցային գործընթացում։ Նա այդ մասին ասել է, Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միրզոյանը նշել է, որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Նշել եմ, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՀՀ և Թուրքիայի միջև ընթանում է բավականին ակտիվ երկխոսություն, որի հիմնական նպատակն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։Նա նաև հիշեցրել է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել սահմանը նախ երրորդ երկրների քաղաքացիների, ապա Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու շուրջ։