17 մարտի 2025 - 11:06 AMT
Տնօրեն․ «Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը

«Ամերիկայի ձայնի» տնօրեն Մայքլ Աբրամովիցը մարտի 15–ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 83 տարվա աշխատանքից հետո առաջին անգամ «Ամերիկայի ձայնը» կլռի։ Նա նշել է, որ իրեն և 1300 աշխատակիցներից կազմված ամբողջ անձնակազմին ուղարկել են արձակուրդ։

«Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը»․–գրել է նա, հայտնում է “Փաստինֆոն»;

«Այդ առաքելությունը հատկապես կրիտիկական է այսօր, երբ Ամերիկայի հակառակորդները, ինչպես Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ են ծախսում Միացյալ Նահանգներին վարկաբեկելու կեղծ պատմություններ ստեղծելու համար»,- գրել է Մայքլ Աբրամովիցը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ դադարեցնելու յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը։ «Ամերիկայի ձայնը» Գլոբալ մեդիայի (USAGM) կազմում ընդգրկված կառույցներից մեկն է։

Սպիտակ տունը հայտարարել է, որ «Ամերիկայի ձայնը» զրկվել է ֆինանսավորումից՝ «արմատական քարոզչություն» տարածելու պատճառով։ Ռադիոկայանի աշխատակիցները մեղադրվում են այն բանում, որ հրապարակել են մեկնաբանություններ, որոնք ուղղված են եղել անձամբ Դոնալդ Թրամփի դեմ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել յոթ դաշնային գործակալություն։Դրանց թվին է պատկանում «Գլոբալ մեդիա գործակալությունը», որը համակարգում է արտաքին քաղաքական քարոզչական աշխատանքները և ղեկավարում է պետական ֆինանսավորմամբ աշխատող հեռարձակողներ, ինչպիսիք են «Ամերիկայի Ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները՝ ներառյալ դրանց առցանց հարթակները։ Չնայած գործակալությունը պաշտոնապես ճանաչվում է որպես անկախ կառույց, 2018 թվականից առաջ այն հայտնի էր որպես Հեռարձակման կառավարիչների խորհուրդ: