17 մարտի 2025 - 16:00 AMT
Գերմանիայի նախագահն առաջին անգամ Հայաստան կժամանի

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Գերմանիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ սա դաշնային նախագահի առաջին այցն է երկու երկրներ։

Երևանում նա հանդիպելու է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցի շրջանակում Շտայնմայերը նախատեսում է այցելել «ԹՈՒՄՈ» կենտրոն և մասնակցել մշակութային ընդունելության, հայտնում է Factor.am-ը։

Այցի երկրորդ օրը նա կմեկնի Դիլիջան, որտեղ հանդիպելու է հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում ներառված է նաև Սևան այցելությունը՝ հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան դիտարկելու նպատակով։

Բաքու այցի ընթացքում Շտայնմայերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այստեղ նախատեսվում է քննարկում քրիստոնյա, մահմեդական և հրեա հոգևորականների մասնակցությամբ՝ հանդուրժողականության և միջկրոնական փոխըմբռնման թեմայով։ Նա կմասնակցի նաև Ադրբեջանում կանանց իրավիճակին նվիրված քննարկմանը։

Photo. Getty Images