17 մարտի 2025 - 17:15 AMT
Սիմոնյան. Գերիների վերադարձը որպես նախապայման դնելը բանակցությունները փակուղի կտանի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ, եթե Հայաստանը «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման դնի Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը, ապա դա բանակցությունները փակուղի կհասցնի և կսրի իրավիճակը։

Նա հավելել է, որ դա չի արվում նախապայմանների ճանապարհով, այլ «արվում է դիվանագիտական ճանապարհով»,–հայտնում է Aysor.am-ը։

«Ինչպես արվում է 4 տարվա ընթացում, երբ 150 գերուց մենք այժմ ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը արդեն 2023 թվականին են գերեվարվել։

Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմի՝ կնշանակի վերահաստատել այն, ինչն անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- նշել է Սիմոնյանը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։