19 մարտի 2025 - 16:24 AMT
Բայրամով. Համաձայնագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է, որ ՀՀ–ն փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում։

Ըստ նրա, այդ փոփոխությունները պետք է վերացնեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարումը, գրում է Minval.az-ը։

Նշվում է նաև, որ կողմերը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։