Telegram-ի ակտիվ ամսական օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը, ինչի արդյունքում այն դարձել է աշխարհի երկրորդ ամենատարածված մեսենջերը։ Այդ մասին հայտարարել է Պավել Դուրովը։
«Այժմ Telegram-ն ունի ավելի քան մեկ միլիարդ ամսական ակտիվ օգտատեր, այն դարձել է աշխարհում երկրորդ ամենահայտնի հաղորդակցման հավելվածը (չհաշված չինական WeChat-ը)», - գրել է Դուրովը իր Telegram-ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հավելվածի հիմնադիրը նաև ընդգծել է օգտատերերի ներգրավվածության բարձր մակարդակը․ միջինում նրանք բացում են Telegram-ը օրական 21 անգամ և այնտեղ անցկացնում 41 րոպե։ Բացի այդ, ըստ նրա, Telegram-ի նախորդ տարվա եկամուտը կազմել է 547 միլիոն դոլար։
Դուրովի խոսքով՝ WhatsApp-ը շարունակում է գլխավորել վարկանիշը։
«Տարիներ շարունակ նրանք հուսահատորեն փորձել են կրկնօրինակել մեր նորարարությունները՝ միլիարդավոր դոլարներ ծախսելով լոբբինգի և PR արշավների վրա՝ մեր զարգացումը դանդաղեցնելու համար։ Նրանք ձախողվեցին։ Telegram-ն աճեց, դարձավ շահութաբեր և՝ ի տարբերություն մեր մրցակցի, պահպանեց իր անկախությունը», - հավելել է նա։