20 մարտի 2025 - 11:36 AMT
Լևոն Քոչարյան․ Պայմանագիրն ու համաձայնագիրն ունեն կարևոր տարբերություններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նշել է, որ պայմանագիրն ու համաձայնագիրն ունեն կարևոր տարբերություններ։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր էջում։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ այս խոսք էր գնում պայմանագրի մասին»։

Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից․

Պայմանագիրն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի կողմից պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:

Համաձայնագիրը փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի նույն իրավական ուժը և այն խախտելը նույն հետևանքները չի առաջացնում:

P.S. ՔՊ, թե՞ ՔՀ (քաղաքացիական համաձայնագիր)»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Համաձայնագրի մասին է ասվում նաև ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: