20 մարտի 2025 - 18:32 AMT
Ֆինլանդիան կրկին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է, ՀՀ–ն 87-րդն է

Երջանկության համաշխարհային զեկույցի տվյալներով՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։

2024 թվականի զեկույցում լավագույն երեք հորիզոնականները կրկին զբաղեցնում են սկանդինավյան երկրները. երկրորդ տեղում Դանիան է, իսկ երրորդը՝ Իսլանդիան, հայտնում է Sputnik Արմենիան։

Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 72-րդ, իսկ Ուկրաինան՝ 105-րդ։ Բելառուսի վերաբերյալ տվյալներ զեկույցում չկան։

Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը՝ դառնալով ամենաերջանիկ երկիրը հարևանների շրջանում։ Վրաստանը 91-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 106-րդ, Թուրքիան 94-րդն է, իսկ Իրանը՝ 99-րդ։

Ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Աութսայդերների թվում են նաև Սիերա Լեոնեն, Լիբանանը, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Եմենը։

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել վեց հիմնական գործոններ՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն։ Այն հրապարակվում է ամեն տարի՝ Երջանկության միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ։

Ամենաերջանիկ երկրների ցուցակը հրապարակվել է առաջին անգամ 2012 թվականին։