Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին տեղեկություններով։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ՌԴ–ն պահպանել է իր բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հանդեպ և բոլորը դա հրաշալի գիտեն։
«Չի կարող անհանգստություն չառաջացնել այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին առաջընթացի ու նորությունների ֆոնին, վերջին շրջանում, ցավոք սրտի, հաճախացել են երկու երկրների սահմանին լարվածության սրման մասին հաղորդագրությունները»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը գործընկերներին հորդորել է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրացման։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ մասնակցության սառեցման հարցին՝ ընդգծելով, որ այս քայլը չի նպաստում երկրի անվտանգության ամրապնդմանը։
«Միևնույն ժամանակ, հենց Երևանն է սառեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ինչը չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է։ Ցանկանում եմ ասել, որ սառեցված վիճակից դուրս գալը ժամանակ է պահանջում»,–ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ–ն պահպանել է իր բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ։
«Դրանք բոլորը ուժի մեջ են, բոլորը դա հրաշալի գիտեն»,–ասել է նա։
Մարտի 16-ից սկսած՝ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է հայկական կողմին հրադադարի խախտման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները՝ հիշեցնելով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, որը պետք է զբաղվի խախտումների ուսումնասիրությամբ։ Ադրբեջանը առայժմ չի արձագանքել այդ առաջարկին։