22 մարտի 2025 - 16:16 AMT
Աբրահամյան. Իշխանությունը շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը նվաճում է համարում

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբ մի պաշտոնյա հայտարարում է, թե վերջին յոթ տարիներին ոչինչ չի զիջել և որ Հայաստանը դարձել է ավելի անկախ ու ինքնիշխան, դա միայն առաջին հայացքից կարող է թվալ չափազանցված սուտ։

«Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում:

Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասել ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում»,- գրել է Աբրահամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է․ «Ի՞նչն ենք զիջել, ես 7 տարի ՀՀ վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։Այն, ինչ մենք անվանում ենք «չզիջման» շրջան, մենք զիջած ենք եղել ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և պետականությունը։ Հետևաբար, ասեք՝ ինչն ենք զիջել»։