Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը, անդրադառնալով որոշ հրապարակումների ադրբեջանական լրատվամիջոցներում, հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանը բացելու շուրջ շահարկումներ և որ Թուրքիան երբեք այնպիսի քայլ չի անի, որը կարող է հակասել Ադրբեջանի շահերին։
Ադրբեջանում տարակուսած են այն փաստից, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնեցրել են 10 օրով «Մարգարա» անցակետի բացումը՝ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռների տարանցման համար։
Նրա խոսքով՝ սահմանի հնարավոր բացման մասին կեղծ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհաջողության են դատապարտված, գրում է Azertag-ը։
Նա ընդգծել է, որ սահմանն իբր առանց Բաքվի տեղյակ պահելու բացելու մասին որոշ պնդումներ իրականում ուղղված են թուրք-ադրբեջանական եղբայրական կապերին վնաս հասցնելուն։
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում է Երևանի հետ կապված ցանկացած քայլ», - ասել է նա. և շարունակել:
Նախկին դեսպանը հավելել է, որ եթե Թուրքիան և Հայաստանը երբևէ հասնեն հարաբերությունների կարգավորման, ապա դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Երևանի և Բաքվի միջև հաստատվի խաղաղություն։
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»,–ասել է Քըլըչը։
Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով բացվել է Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։