24 մարտի 2025 - 13:26 AMT
Միրզոյան․ Բաքուն նոր արհեստական պայմաններ է առաջ քաշում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ, չնայած տասնամյակների հակամարտությանը, տարածաշրջանում ստեղծվել է իրական հնարավորություն՝ վերջ դնելու թշնամանքին և հաստատելու կայուն խաղաղություն, սակայն, Բաքուն նոր արհեստական պայմաններ է առաջ քաշում։ Միրզոյանն այդ մասին ասել է Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակում տեղի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկին՝ Folha-ին տված հարցազրույցում։

«Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։

Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։

Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։

Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը»,–ասել է նա։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդես է եկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջարկով՝ հատկապես վերագործարկելով խորհրդային տարիներին գործած երկաթուղին, ինչպես նաև առաջարկել է զենքի վերահսկման և վերահսկողական մեխանիզմ ստեղծել՝ արձագանքելով Ադրբեջանի բարձրացրած մտահոգություններին։

«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Մարտի 13-ին պաշտոնական Երևանը և Բաքուն հայտնել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնական համաձայնեցված է, և բանակցային փուլն ավարտված է։ Չնայած այս հայտարարությանը, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ հետագա փուլում Հայաստանը պետք է վերացնի Սահմանադրությունում առկա տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև արձանագրի Մինսկի խմբի և դրա մնացորդների լուծարումը։