Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են բազմապիսի խնդիրներ, և դրանց կարգավորմանն ուղղված գործուն միջոցառումներ դեռևս չեն ներդրվել, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ» վերտառությամբ արտահերթ զեկույցը։
Այն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը։