29 մարտի 2025 - 14:05 AMT
Դանիելյանն առաջարկում է Մոսկվայում Արցախի նոր ներկայացուցչություն հիմնել ՀԿ ձևաչափով

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Մոսկվայում Արցախի ներկայացուցչության փակման մասին տեղեկություններին, նշել է, որ նման որոշումը կանխատեսելի էր։

«Փաստը» գրել է, որ ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է։

Դանիելյանն առաջարկում է առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն։

«Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ»,-ասվում է գրառման մեջ։

Նա վստահություն է հայտնել, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։

«Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն»,–գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։