3 ապրիլի 2025 - 14:06 AMT
Ջո Մանգանիելլոն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել ազատել հայ պատանդներին

Հոլիվուդյան հայտնի դերասան ու ռեժիսոր Ջո Մանգանիելլոն Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման գլխավոր բանախոսն է եղել՝ հանդես գալով Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառման ընթացքում։

Իր ելույթի ընթացքում նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը, հայտնում է Aravot.am-ը։

Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր POLITICO պարբերականի հերթական համարն է՝ մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին» գրությամբ:

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։