8 ապրիլի 2025 - 11:01 AMT
ԱԳՆ-ն հերքել է, որ Միրզոյանը Դուբայում շփումներ է ունեցել ադրբեջանցիների հետ, սակայն, ընդունել է, որ նա այնտեղ եղել է

«Փաստինֆոն», դիվանագիտական աղբյուրի վրա հղումով, հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Լրատվամիջոցը տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ խնդրելով հայտնել նաև, թե ինչու չի հաղորդվել Արարատ Միրզոյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի մասին։

«Հայաստանի ԱԳՆ-ից նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ Բնականաբար «Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է»,–ասվում է հրապարակման մեջ։

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում», – արձագանքել են նախարարությունից՝ միևնույն ժամանակ չմեկնաբանելով, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել «տարանցիկ երկրում» և ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի Դուբայում լինելու հանգամանքը։

«Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացան, որ ունենք ականատես»,–գրում է «Փաստինֆոն»։