ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի դեմ Ադրբեջանում ընթացող դատական գործին, նշել է, որ Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները:
«Դավիթ Բաբայանի գործով Բաքվի «դատավարության» նյութերն եմ նայում, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո ադրբեջանցիները հանրայնացնում են:
Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:
Այստեղ տաքուկ անկյուններում, թաքնված քպ-ականներն ինչ միկրոֆոն գտնում են ամբողջ ուժով գոռում են, որ իրենք միշտ էլ համարել են, որ Արցախն Ադրբեջան է:
Դավիթը Բաքվում ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք ավելի մոլեռանդությամբ են ադրբեջանական շահերը առաջ մղում, քան իրենք ադրբեջանցիները:
Դավիթ ջան, պինդ եղիր:Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 7-ին Բաքվի ռազմական դատարանում շինծու գործերով հերթական դատական նիստում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեմ է եղել արցախցիների ինտեգրմանն Ադրբեջանին՝ հավելելով, որ ոչ ոք նման հեռանկար չէր տեսնում:
«Ինտեգրումը անհնար էր»,-ասել է Բաբայանը: