9 ապրիլի 2025 - 12:20 AMT
Բեգլարյան․ Երբ ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու ձեր մահացու մեղքերն

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, հարց է բարձրացրել, թե ինչու է նախարարությունը կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը։

«Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները...»,- գրել է նա։

Բեգլարյանը նաև որոշ հարցադրումներ է ուղղել ՀՀ արտգործնախարարությանը՝ «ի պատասխան իրենց վերջին խայտառակ հայտարարությանը»։

«Ինչո՞ւ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին:

Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէիք մտածո՞ւմ, որ քարտ-բլանշ եք տալիս Ադրբեջանին՝ անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները:

Արդյոք դուք երբևէ հղում արե՞լ եք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի:

Արդյոք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարա՞ր հիմք է՝ անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը:

Արդյոք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացե՞լ է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ:

Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչո՞ւ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ Արցախի Հաննրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչո՞ւ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:

Արդյոք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համա՞ր էիք 2023թ. վերջին ամբողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:

Ինչո՞ւ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ մղելով մեր ժողովրդին սովամահության:

Ինչո՞ւ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը:

Ինչո՞ւ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից:

Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու:

Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները...»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։