ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Կոնգոյի փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյան ԱՄԷ-ում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցությունը չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում։
Նշվել է, որ հայկական կողմը հետաքրքրված է կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների մշակմամբ։
Այս առնչությամբ Պապոյանը կարևորել է միջկառավարական համաձայնագրի՝ G2G ձևաչափով ստորագրման հնարավորությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ Կոնգոյի և Հայաստանի ադամանդագործների միջև երկարաժամկետ փոխգործակցության համար։
«Մենք փնտրում ենք ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքի վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն», - նշել է Պապոյանը:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դիտարկվում է որպես առանցքային նախաձեռնություն՝ ընդլայնված տարածաշրջանային և միջազգային տնտեսական համագործակցություն ձևավորելու տեսանկյունից։