10 ապրիլի 2025 - 10:50 AMT
ԻՀՊԿ-ի փոխհրամանատար. ՀՀ և Իրանի զորավարժությունները կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին ներկայացրել է Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների մանրամասները՝ շեշտելով դրանց խաղաղ բնույթը, հայտնում է Արմենպրեսն IRNA գործակալության վրա հղումով։

«Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։

Նա հավելել է, որ զորավարժությունների նպատակն ուղղված է սահմանային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

«Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Մենք հույս ունենք, որ խաղաղ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին համապատասխան և ժամանակին»,-նշել է Վալիոլլահ Մանին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 9-10-ին Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություն։

«Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,-նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։