10 ապրիլի 2025 - 12:42 AMT
Մինսկում հայկական եկեղեցու բացման հրավեր ՀՀ–ն դեռ չի ստացել

Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Եկեղեցու օծման արարողությունը Մինսկում նախատեսվում է 2025-ի մայիսին։ Եկեղեցու բացման օրը կհամաձայնեցվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:

Նշվում է, որ ՀՀ վարչապետի գրասենյակին ևս հարցում էր ուղարկվել՝ պարզելու, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ բարձր պաշտոնյա հրավիրվել է մասնակցելու այդ միջոցառմանը և, եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ:

Սակայն վարչապետի գրասենյակից պատասխան չի տրամադրվել։ Փոխարենը արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ այդ հարցով որևէ հրավեր չի ստացվել»,– նշել են ԱԳՆ–ից:

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը ավելի վաղ ընդգծել էր, որ եկեղեցու կառուցումը հանդիսանում է այն նախաձեռնություններից մեկը, որը արտացոլում է բելառուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունների մակարդակը՝ հակադրվելով Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական ղեկավարության հասցեին հնչեցրած քննադատություններին։

Մինսկ քաղաքում ապրում է մոտ 30 հազար հայ։

Երևանի և Մինսկի արաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024 թվականի հունիսին դիվանագիտական նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին՝ Լուկաշենկոյի հերթական կոշտ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ են նետվել։