Օրեր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած շտապօգնության մեքենայի վարորդն ապրիլի 11–ին պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Այդ մասին տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։
Նրա խոսքով, ապրիլի 10–ին նա այցելել է նույն վթարի արդյունքում տուժած բուժքրոջը և անձամբ զրուցել նրա հետ։
«Բուժքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակը բարելավվում է՝ դրական դինամիկայով։ Գիտակցությունը տեղն է»,- մանրամասնել է նա։
Ապրիլի 8-ին շտապօգնության մեքենան բախվել էր էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկը և բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկը մահացել է։ Ռուբեն Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ ամենայն հավանականությամբ, վթարի պատճառը վարորդի ղեկին քնելն է եղել։
Դեպքից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ բժիշկը ամրագոտի չէր օգտագործել, ինչը, հնարավոր է, դարձել է ծանր վնասվածք ստանալու հիմնական պատճառներից մեկը։