Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ և հնարավորություն ստացել իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ նվաճելու մայրցամաքային ոսկե մեդալը։
Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ Մրցամարտում Ամոյանը 5:1 հաշվով առավելության է հասել՝ ապահովելով եզրափակչի ուղեգիրը, հայտնում է Արմենպրեսը։
Նույն օրը եզրափակիչ է դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը՝ 63 կգ քաշային կարգում։
Ասլանյանը մրցել է Ուկրաինան ներկայացնող Անդրի Սեմենչուկի հետ։ Մրցամարտում հայ մարզիկը գերիշխող պայքարում նվաճել է հաղթանակ՝ հաշվով 8:0, ընդամենը մոտ երկու րոպեի ընթացքում։
Ավելի վաղ 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը պարտություն է կրել ադրբեջանցի մրցակցից 1:5 հաշվով։ Նա շարունակում է պայքարը բրոնզե մեդալի համար։
Եզրափակիչ գոտեմարտերը կայանալու են ապրիլի 12-ին։