Ապրիլի 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ի սահմանում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել՝ Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի բնակելի տներից մեկի տանիքից հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումից երկու մարտական խմբեր։
Հաշվի առնելով կրակի տարածման վտանգը, հրդեհը որակվել է որպես «1 ԲԻՍ» աստիճանի բարդության։ Տարածք են ուղարկվել նաև լրացուցիչ երկու մարտական հաշվարկ, ջրատար մեքենա, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայրում պարզվել է, որ հրդեհը տարածվել է երեք տների տանիքներում՝ ընդգրկելով մոտավորապես 150 քմ տարածք։
Կրակը մեկուսացվել է ժամը 02։27-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 02։59-ին։ Տուժել են տանիքների փայտե կառուցատարրերը, ինչպես նաև տներից մեկի բակում պահված փայտյա տախտակները։