ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նրա պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև մեկ միլիոն անօրինական միգրանտ, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով չորս գործող և նախկին դաշնային պաշտոնյաների:
Նրանց խոսքով՝ մասնավոր քննարկումների ժամանակ պաշտոնյաները հաճախակի նշել են հենց այդ թիվը։ Թերթը նշում է, որ այդ թիվը զգալիորեն գերազանցում է Բարաք Օբամայի նախագահության տարիներին գրանցված նախորդ ռեկորդը՝ տարեկան 400 հազար արտաքսված մարդ (2009-2017թթ.), գրում է Meduza–ն։
Հոդվածում նշվում է, որ փորձագետներն այդ թիվը համարում են անիրատեսական, քանի որ այդ ծավալով արտաքսումներ իրականացնելու համար չի տրամադրվել բավարար ֆինանսավորում և իրավապահ ուժեր։ Բացի այդ, The Washington Post-ը նշում է, որ միգրանտների մեծ մասը իրավունք ունի դատարանում վիճարկել արտաքսման որոշումները։
Թերթի աղբյուրների համաձայն՝ մեկ միլիոն արտաքսման նպատակի իրագործման ռազմավարության մշակմամբ զբաղվում է Սպիտակ տան աշխատակազմի փոխղեկավար Սթիվեն Միլլերը՝ համագործակցելով Ներքին անվտանգության նախարարության և այլ դաշնային գերատեսչությունների պաշտոնյաների հետ։
Քննարկվող տարբերակներից մեկը ներառում է այդ 1․4 միլիոն միգրանտներից որոշ թվի արտաքսում, որոնց նկատմամբ արդեն իսկ կայացվել են արտաքսման որոշումներ, սակայն որոնք դեռ գտնվում են ԱՄՆ-ում, քանի որ իրենց հայրենի երկրները հրաժարվել են նրանց ընդունել։
Երկու պաշտոնյա The Washington Post-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում 30 երկրի հետ՝ այնտեղ արտաքսելու այն միգրանտներին, որոնք այդ պետությունների քաղաքացի չեն։ Խոսքը գնում է «հազարավոր» մարդկանց մասին։
Ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է «միլիոնավոր» միգրանտների արտաքսել ԱՄՆ-ից, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջարկել էր սկսել մեկ միլիոն մարդուց։
Հոդվածում նշվում է նաև, որ միգրացիոն ծառայությունների աշխատակիցները բախվում են ֆինանսական և իրավական խոչընդոտների, ինչպես նաև վարչակազմի մշտական քննադատության հետ, ինչը, ըստ հոդվածի, «հյուծել է նրանց բարոյական ոգին»։
Թրամփի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նրա վարչակազմը հարյուրավոր միգրանտների է տեղափոխել Կուբայում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի Գուանտանամոյի միգրանտների կալանավայր։ Սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, սա միայն անօրինական միգրանտների փոքր մասն է։