14 ապրիլի 2025 - 14:20 AMT
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է մշակույթի տունը

Ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի մշակույթի տունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել առաջարկով՝ ստեղծելու Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերն ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ուսումնասիրելու համար, սակայն «մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը և ավելացրել գիշերային պարեկությունները։