Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն բանտարկված հայերը պետք է ազատ արձակվեն։ Այդ մասին նա ասել է ՖԼյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
«Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նա նաև անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ նշելով, որ անհանգստացած է սահմանին աճող լարվածությամբ:
Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ամրապնդվել իրավիճակն արդյունավետ վերահսկելու և այդ լարվածությունը զսպելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: