14 ապրիլի 2025 - 18:25 AMT
Ռուբինյան. ՀՀ–ն պատրաստ է հենց վաղը լիովին կարգավորված հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ

ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով իր հանդիպումներին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում, ասել է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ։

Նա այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմամբ, հայտնում է «Ազատությունը»։

«Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել», - նշել է Ռուբինյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է պայմանագրի ստորագրումը, այլև զուգահեռ կրակ է բացում հայկական կողմի ուղղությամբ, ԱԺ փոխնախագահն արձագանքել է. «Կարիք չկա՝ ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ»:

Ռուբինյանն ընդգծել է, որ Թուրքիայի հատուկ բանագնացի Սերդար Քըլըչի հետ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում են ունեցել։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք քննարկվել է Մարգարայի անցակետի բացման հարցը։

«Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից ներառելիքը արել ենք և սպասում ենք, որ թուրքական կողմը կատարի: Նորություն չկա։ Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչև այս պահը չի կատարվել, Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել»,–ասել է նա՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունը։

2022 թվականի հուլիսին Վիեննայում տեղի ունեցած չորրորդ հանդիպման ընթացքում հայ և թուրք բանագնացները համաձայնեցրել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար՝ ամենասեղմ ժամկետներում։ Այս նպատակով Հայաստանը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ներդնելով մոտ 1 միլիարդ դրամ։