55 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։
Նա երկամարտում 202 կգ արդյունք է գրանցել Քիշնևում ընթացող առաջնությունում։
Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահել է 85 կգ՝ դառնալով այս վարժությունում 6-րդը: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 117 կգ և այս վարժությունում նվաճել ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանն առաջին անգամ մեդալ է նվաճել մեծահասակների մրցաշարում՝ նվաճելով ԵԱ բրոնզե մեդալ։
Չոլակյանը 61 կգ (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան) քաշի պոկում վարժությունում բարձրացրել է 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել է 151 կգ՝ այս մրցաձևում դառնալով 4-րդը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը։
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: