15 ապրիլի 2025 - 12:06 AMT
Արցախցի Աղասյանի դին ՀՀ տեղափոխելու հարցը դեռ քննարկվում է

Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է։ Այդ մասին ասել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում է Radar Armenia-ն։

«Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում: Այս փուլում այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»,- նշել են ԱԱԾ-ից:

Օրեր առաջ Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի ընդունել Վերա Աղասյանի դին, ապա նրա ճակատագիրը կորոշեն ադրբեջանական համապատասխան մարմինները։

Վերա Աղասյանը մահացել է 2024–ի հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում։ Նա այն հայերից էր, ով Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մնացել էր իր տանը՝ չլքելով քաղաքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Աղասյանի մահվան պատճառը եղել է սուր թոքերի և սրտային անբավարարությունը՝ պայմանավորված թոքի զարկերակի տրոմբոզով։