ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հավաքին, որն անցկացվել է Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս հանդիպման նպատակը եղել է համակարգման ամրապնդումը, փորձի փոխանակումը և ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցման խթանումը՝ ի շահ Հայաստանի բնակչության։
«Հաղորդակցության հարթակը առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած բարեփոխումներից մինչև ապատեղեկատվության դեմ պայքար, նպաստելով ավելի ուժեղ և դիմակայուն Հայաստանի կառուցմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։