Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական հիշատակի միջոցառմանը։
Միջոցառման շրջանակում ելույթներ են ունեցել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն, Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, ինչպես նաև «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Արարողությանը ներկա էին և Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև հուշատախտակի բացում՝ նվիրված ֆրանսահայ բարերար և գործարար Ռոժե Կարպիս Ջրբաշյանին, ով մեծ ավանդ է ներդրել Շարանտոն-լե-Պոնի համայնքային կյանքում։