21 ապրիլի 2025 - 10:55 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար․ Հրվ. Կովկասը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20–ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով ժամանել է Հայաստան՝ տարածաշրջանային այցի շրջանակում։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասն ունի ռազմավարական նշանակություն ԵԱՀԿ-ի համար, և կառույցը շարունակելու է իր մասնակցությունն ունենալ խաղաղության հաստատման գործընթացում։ Նա ընդգծել է տարածաշրջանային կայունության և խաղաղության ուղղությամբ արվող քայլերն ու նախաձեռնությունները։

Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի այցը՝ այն գնահատելով որպես արդյունավետ հարթակ երկկողմ համագործակցային հարցերն ու օրակարգը քննարկելու համար։ Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ շարունակական ու խորացված երկխոսությունն ու բարձր է գնահատել փոխգործակցության զարգացման հեռանկարները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները այս համատեքստում հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կկայանա հնարավորինս կարճ ժամանակում։ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները՝ ընդգծելով, որ կառավարության առաջնահերթություններից է խաղաղության օրակարգի իրականացումը։

Իր խոսքում Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունեն իրական հնարավորություններ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար և կարևորել է դրանց լիարժեք իրագործումը։

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր թեմաների շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: